Տաքսու վարորդների համար Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հայտարարած բաց դռների օրը նախարարի մոտ եկած՝ տաքսու վարորդների մեծ մասի հարցերն անպատասխան մնացին, որովհետեւ պարզվեց, որ դրանք ոչ թե նախարարության, այլ քաղաքապետարանի իրավասության հարցեր էին։
«Տաքսու ստայանկաների համար էինք դիմել, պարզվեց, որ նախարարը չի կարող այդ հարցով մեզ օգնի, դա քաղաքապետի ֆունկցիայի մեջ է մտնում»,- NEWS.am-ի թղթակցին ասաց տաքսու վարորդ Արայիկ Բեգլարյանը:
Տաքսու վարորդներն ուզում են իրավունք ստանալ կանգնել երթուղայինների եւ ավտոբուսների համար նախատեսված կանգառներում կամ գոնե մի քիչ հեռու, որովհետեւ տաքսին էլ հասարակական տրանսպորտ է. «Մարդ կա՝ 10-20 հատով տուգանք ունի կանգառում կանգնելու համար՝ 40 հազարով, 50 հազարով»։
Վարորդը հիշեցրեց, որ խորհրդային ժամանակաշրջանում տաքսիների համար նախատեսված կանգառներ կային. «Մարդիկ այդտեղ հատուկ տաքսիներին էին սպասում, տաքսիներն էլ՝ մարդկանց»: Տաքսու վարորդները մտադիր են դիմել քաղաքապետարան՝ խնդրելով իրենց կանգնելու տեղ հատկացնել կանգառների մոտ։
Անդրանիկ Խաչատրյանի խոսքով, մյուս խնդիրը ճանապահային նշաններն են. «Ոնց որ պետական գաղտնիք լինեն, թաքուն տեղերում են դրված, որ կամ չնկատվեն կամ նկատվեն վերջին րոպեին»:
Վարորդների մեքենաները, ըստ նրա, շարքից հանում են դիտահորերը։ «Մենք ոչ թե մեքենա ենք վարում, այլ լյուկերը հաղթահարելու վարժանքներ ենք անում: Կենտրոնական փողոցներում դիտահորերի կափարիչը 10 սմ ցածր է, և մեքենան վնասվում է դրանց վրայով անցնելուց»,- ասաց տաքսու վարորդը:











