«Սա դեռ Շանթն էր, կայծակը մենք ենք», «Դեմ ենք մաքսային միությանը», «Հայաստանն առանց Պուտինի» գրությամբ պաստառներով այսօր` նոյեմբերի 18-ին, Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք պահանջել են, որ նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանին չտեղափոխեն հոգեբուժարան (Նրանք տեղեկություններ ունեն, որ Շանթ Հարությունյանին մտադիր են «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից առաջիկա օրերին տեղափոխել հոգեբուժարան):
«Պապան հոգեկան խնդիրներ չունի, նրան չպետք է տանեն հեգեբուժարան, ավելին, նրան պետք է ազատեն»,- News.am-ին ասել է Շանթ Հարությունյան որդին` Շահեն Հարությունյանը:
Շահեն Հարությունյանը հորից լուր չունի, նրան տեսակցել թույլ չեն տալիս. «Ես տեսակցություն էի խնդրել, ոչ մի արձագանք չեղավ: Ուզում եմ այցելել հորս, մի նոր բան իմանալ»:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին կալանավորել են եւ մեղադրանք առաջադրել 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով եւ մահակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից 6-ին ազատ են արձակել, մյուսներին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել։











