Նոյեմբերի 18-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական վիճաբանությունների փուլը, տուժողների անունից ճառով հանդես եկավ նրանց ներկայացուցիչը` փաստաբան Տիգրան Եգորյանը:

Փաստաբանի ճառը տեւեց մեկ ժամ, ճառի ավարտին նա միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատախազը հետաձգի դատաքննությունը եւ նոր մեղադրանք առաջադրի՝ դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի  5-րդ, 7-րդ եւ 10-րդ հոդվածների հատկանիշներով:

«Նախաքննության ժամանակ ամեն ինչ արվում էր, որպեզի մեծ տարածություն ապահովեն Ռուբեն Հայրապետյանի եւ տեղի ունեցած հանցագործության միջեւ, որի անկյունաքարն էր նրա եւ նրա թիկնազորի անդամներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, եւ վարորդ Արթուր Բաբլոյանի միջեւ կապի ոչնչացումը, ինչը կատարվեց նրանց ռեստորանային համալիրի աշխատակիցներ ներկայացնելով», - ասաց փաստաբան Եգորյանը:

Դատարանում ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված տուժողներից որեւէ մեկը ներկա չէր: Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դատարանի դահլիճում անակնկալ հայտարարություն արեց՝ խոստովանելով, որ միայն ինքն է անմիջական կոնտակտի մեջ մտել ու հարվածել Վահե Ավետյանին։ Դրանից հետո ինքնախոստովանական ցուցմունքներ տվեցին նաեւ Գարիկ Մարգարյանը եւ Արթուր Բաբլոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է 6 մարդ՝ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: