Սովորաբար դատահոգեբուժական փորձաքննության ժամկետը լինում է 21-ից 24–օր, բայց դատարանը որոշեց Շանթ Հարությունյանին Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն ուղարկել առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողներին ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատական նիստից հետո։

Շանթ Հարությունյանն առարկել է՝ ասելով՝ «ես հոգեկան հիվանդ չեմ, իմ վիճակը նորմալ է»:

Վարույթն իրականացնող մարմնինը հանդես է եկել նման միջնորդությամբ՝ հիմնվելով նախկինում եղած փորձագետի եզրակացության վրա. «2009թ.  առկա է եղել փորձագետի եզրակացություն, որ Շանթը չի տառապել եւ չի տառապում հոգեկան հիվանդությամբ, բայց իրեն մեղսագրվող արարքի վերաբերյալ նրան հարկ էր ճանաչել անմեղսունակ»։

Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի 1-ից հետո «Յոթի գործով» անցնող  Շանթ Հարությունյանը, որը  մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»), 2009թ. մայիսի 13-ին ազատ արձակվեց փորձագետների եզրակացության հիման վրա՝ առ այն, որ Շանթ Հարությունյանը «հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել»։

Երկու ամիս ժամկետը կհաշվարկվի այն պահից սկսած, երբ Շանթ Հարությունյանին կտեղափոխեն բուժհիմնարկ:

Փաստաբանը խոստացավ ավելի հիմնավոր խոսել մոտակա օրերին, քանի որ մեկ օր առաջ է ներգրավվել այս գործով որպես պաշտպան, եւ գործի ամբողջական փաթեթը քննիչից ստացել է այսօր դատարանում։

Փաստաբանը նաեւ նշեց, որ իր տեղեկություններով, դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու միջնորդություն հնարավոր է՝ նշանակվի նաեւ նոյեմբերի 5-ի գործով մեղադրյալներից եւս մեկի նկատմամբ. «Նա նմանատիպ ախտորոշմամբ բանակից ազատվել է։ Նույնիսկ չգիտեմ՝ ում նկատմամբ, բայց այս պահին ոչ մեկի նկատմամբ չկա»:

Փաստաբանը փոխանցեց, որ Շանթ Հարությունյանի վիճակը կայուն է, նա շարունակում է ցուցմունք չտալ։