«Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցները նոյեմբերի 21-ին կրկին հավաքվել էին Կառավարության առջև` պահանջելու իրենց կուտակված աշխատավարձերը: Ցուցարարների ներկայացուցիչ, գործարանի պրոֆմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից հետո աշխատակիցներին հայտնեց, որ նախարարը խոստացել է՝ մինչև երկուշաբթի աշխատավարձերը կստանան:

«Մի հատ նամակ կգրենք մինչև ամսի 10-ը, կուլտուրական կխնդրենք, որ հարցը լուծվի: Եթե տեսնենք ուշանում ա, կհավաքվենք, կգնանք նախագահական»,- վրդովված գործընկերներին հանգստացնում էր Հրաչ Թադևոսյանը:

Աշխատակիցները չէին հանգստանում։ «Հիմա ախպորս սիրտը վիրահատել են, 5000 դրամ չունեմ, որ պերեդաչի տանեմ: Ասա, ո՞նց գնամ տուն, ի՞նչ ասեմ»,- հարցրեց նրանցից մեկը։

Աշխատակիցները հույս ունեն, որ «Նաիրիտի» խնդիրը կլուծվի դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի արդյունքում. «Վերջնական որոշում կայացնողը ռսների պատվիրակությունն ա, որ գալու ա: Էդ օրերին էլ մեր հարցը կլուծվի»։

Գործարանի աշխատողներն ասացին, որ չեն հավատում նախարարի խոստմանը։ Մի քանիսը առաջարկում էին ծայրահեղ քայլերի դիմել. «Հելնում շոշն ես փակում, վսյո, թող իրանք գան հասնեն գործարան, ոչ թե մենք գնանք նախագահական կամ էլ ստեղ»։

Աշխատակիցները հեռացան` հուսալով, որ դեկտեմբերի 2-ի Վլադիմիր Պուտինի այցը վերջնականապես կլուծի իրենց հարցը: Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանով հետաքրքրվում է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը: