Նոյեմբերի 12-ին` ժամը 2:30-ի սահմաններում, Երևանի Մայիսի 9-ի փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով իր «Օփել Աստրա» մակնիշի մեքենայով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Նորագյուղ թաղամասի բնակիչ` 34-ամյա Արմեն Քոչարյանը և նրա ուղևորուհին` նույն թաղամասի բնակիչ, 55-ամյա Ռիմա Միրզոյանը:
Անձնական խուզարկությամբ Քոչարյանի տաբատի գրպանից հայտաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն չորացած զանգված, իսկ Միրզոյանի մոտից՝ «Սուբուտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ: Խուզարկվել է նաև Քոչարյանի մեքենան, որտեղից հայտնաբերվել է 10 միլիգրամանոց ներարկիչ` լցված թափանցիկ հեղուկով, և ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված «Սուբուտեքս» թմրամիջոցի նմանվող 5 դեղահաբ:
Արմեն Քոչարյանը խոստովանել է, որ իր մոտ հայտնաբերված զանգվածը մարիխուանա է, որի հումքը քաղել է Արագածոտնի մարզի Ափնա գյուղի տարածքից` անձնական օգտագործման նպատակով: Իսկ Միրզոյանը խոստովանել է, որ ներարկիչի հեղուկն ու հայտնաբերված 5 դեղահաբը «Սուբուտեքս» թմրամիջոց են, որը ձեռք է բերել Կոլխ մականունով մի տղայից:
Օպերատիվ միջոցառումների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է պարզել կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը և դեպքի օրը` ժամը 3-ի սահմաններում, Սարի Թաղից թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Կոլխ մականունով` երևանցի 35-ամյա Արթուր Ղևոնդյանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











