Կիրովի անվան զբոսայգու (Կոմայգու) ներսում գործող տղամարդկանց զուգարանի հետնամասի սենյակները Կոմայգու պահակը 1000 դրամով տրամադրում է այգում կանգնող տրանսվեստիտ մարմնավաճառներին՝ իրենց հաճախորդներին սպասարկելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը, որն այգում ստորագրահավաք է անցկացնում տրանսվեստիտ մարմանավաճառների դեմ: Ավելին, ըստ նրա տեղեկությունների պահակն այդ սենյակը տրամադրում է միայն տղամարդ մարմնավաճառներին կամ միասեռական զույգերին:

NEWS.am-ը  զրուցեց Կոմայգու պահակի հետ, որը հերքեց այդ տեղեկությունը։ Նա պնդեց, որ զուգարանի հետնամասում միայն խողովակներ են: Սեւան Աղաջանյանին եւ մեր թղթակցին պահակը ուղեկցեց եւ ցույց տվեց այդ սենյակները:

Սենյակներում հին իրեր էին, աթոռին՝ մի քանի պիջակ, գետնին էլ՝ կտրտած զուգարանի թղթեր:

«Սենյակում ամեն ինչ խոսում էր այն մասին, որ այս տարածքում հաճախ են մարդիկ լինում, եւ որ պահակը ստում է»,- NEWS.am-ին ասաց Սեւան Աղաջանյանը: Մինչեւ հիմա մոտ 4000 մարդ է ստորագրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված՝ Կոմայգին մարմնավաճառներից «մաքրելու» պահանջով նամակի տակ։