«ԴԵՄ ԵՄ ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգին» նախաձեռնող խումբը ավելի կազմակերպված պայքարի փուլ է մտնում: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, Մաշտոցի պուրակում անցկացված ժողով-քննարկման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանը, որը ներկայացրեց նախաձեռնության հարցերով զբաղվող աշխատանքային խմբերը:
«Աշխատանքային խումբ, որը զբաղվում է կազմակերպությունների հարցերով, խմբի մարդիկ գտնելու են կազմակերպություններում ակտիվիստների, որոնք կարող են տեղեկատվություն տարածել»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Ստեղծվելու է նաև խումբ, որը զբաղվելու է ակցիաների տեսագրմամբ, տեսահոլովակների պատրաստմամբ, ցույցերի, երթերի, ակցիաների կազմակերպման հարցերով զբաղվող խումբ, մամուլի հետ աշխատանքի խումբ, թռուցիկների, տպագիր նյութերի տարածմամբ զբաղվող խումբ, համացանցային ռեսուրսներով`«ԴԵՄ ԵՄ» կայքով և ֆեյսբուքյան էջով զբաղվող խումբ, բանակցողների խումբ, որը կկարողանա բանակցել հանդիպումների ժամանակ, և վերլուծական խումբ, որը կհետևի արձագանքներին և կմշակի հետագա անելիքները:
«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Խաչատրյան Մերին ասաց, որ նախաձեռնող խմբի պահանջը լրիվ օրինական է, որովհետև կուտակային կենսաթոշակի մասին օրենքում կա դրույթ պարտադիր բաղադրիչի մասին, և այնտեղ հաշվի չեն առնում, որ քաղաքացուն զրկում են նաև սեփականության իրավունքի տնօրինման իրավունքից, ինչը հակասում է Սահմանադրությանը:
«Հիմնական պահանջն է «պարտադիր» բաղադրիչը հանել օրենքից, այսինքն՝ չպարտավորեցնել քաղաքացուն տնօրինել իր միջոցները»,- ասաց իրավաբանը:











