«Մաշտոցը բոլոր կողմերից պատենք, այսօր մենք պետք է շուկան ազատենք, թող սարսափահար լինի թշնամին եւ թող իմանա մեր ոսոխը նենգ՝ չենք ներելու մենք»,- նոյեմբերի 23-ին «Փակ շուկայի» դիմաց երգում էին  «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները

Ազգային, հայրենասիրական երգերով եւ պարերով մշակութային ակցիայի նպատակն էր ցույց տալ, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկան» վերափոխելով՝ ոչնչացրել է մշակութային արժեքը։  

«Այսօրվա շեշտադրումը մշակույթի վրա է: Նպատակը ցույց տալն է մշակույթ եւ հակամշակույթ, սա բավականին լավ ձեւ է, որ մարդիկ հասկանան՝ մշակույթն ինչ է, եւ ինչ է կատարվում շուկայում: Երբ պատմշակութային հուշարձանը օրենքի բոլոր խախտումներով վերածվում է սուպերմակետի, այն էլ՝ մի օլիգարխի կողմից, դա հակամշակութային է»,- NEWS.am-ին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը:

Այս անգամ Սամվել Ալեքսանյանին սատարողների խումբը չկար։ Միայն մի քանի երիտասարդներ էին, որոնք ազգագրական երգ ու պարին պատասխանում էին ռաբիս երգերով, որոնք միացնում էին իրենց բջջային հեռախոսներով։