Վերաքննիչ քրեական դատարանը այսօր`  նոյեմբերի 25-ին, քննեց Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով վերաքննիչ բողոքները։ Դատավարությունը անցավ գյումրվա հատուկ հումորի, հետաքրքիր հարց ու պատասխանների մթնոլորտում, որը նաեւ գյումրեցի դատավորի «շնորհիվ էր»։

Երբ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը սկսեց չափից դուրս մանրամասն պատմել այդ օրվա իրադարձությունները, դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը ընդհատեց. «Համոզեք դատարանին, թե վախեցնելու համար ինչի փըխկ չեք արել, այլ զենքը վերցնելով ` գնացել, կրակել եք, այդ մասին պատմեք»:

Ի պատասխան, ամբաստանյալն ասաց. «Դատարանը լավ գիտի, որ Պարույր Հայրիկյանը փըխկ անելով չէր վախենա։ Նախընտրեցինք զենքով, կրակոցով վախեցնել, բայց ոչ իր վրա կրակելով, կողքը պիտի կրակեինք»։

Դատավորը հարցրեց, թե ինչի փամփուշտները չէին հանել, ինչին ամբաստանյալը պատասխանեց, որ ուզում էին, որ կրակոց լսվեր: «Վախեցնելու նպատակը ո՞րն էր, ինչի՞ էիք ուզում վախեցնել»,- ամբաստանյալին հարցրեց դատավորը, ինչին ամբաստանյալը պատասխանեց, որ դա կապված չէր Հայրիկյանի քաղաքական գործունեության հետ. «Ինձ Սամվել Հարությունյանը ասել է, որ պետք է վախեցնել Պարույր Հայրիկյանին, հետո վախեցնելու համար պիտի ինքը դիմեր Վարդան Սեդրակյանին, ասեր, որ վախեցրել ենք, փող կտաս, ինչ-որ պարտքեր կար իրար մեջ: Վարդան Սեդրակյանին պիտի ասեր՝ փողը տուր, թե չէ կասեմ՝ դու ես պատվիրել Պարույր Հայրիկյանին վախեցնելը»:

Խաչատուր Պողոսյանը նաև ասաց, որ ամբաստանյալ Սամվել Հարությունյանն իրեն զենք գնելու համար 1000 դոլար չի տվել, և իր հետ առերեսման ժամանակ Վարդան Սեդրակյանը նույնպես ասել է, որ Սամվել Հարությունյանին գումար չի տվել: Ամբաստանյալն ասաց, որ իրենց ստիպել են, ուժ են գործադրել Վարդան Սեդրակյանի դեմ ցուցմունք տալու համար. «Ձերբակալել են իմ կնոջը, բերել են ԿԳԲ ու ինձ վախեցրել են` ասելով եթե հիմա չասես, չպնդես մինչև վերջ, գործ կհարուցենք, որ կինդ իմացել է և թաքցրել է»:

Խաչատուր Պողոսյանն ասաց, որ զոքանչին էլ է զգուշացրել նույն ցուցմունքը տալ, ինչին դատավորը արձագանքեց. «Չգիտե՞ս, որ նման բաները զոքանչին չեն ասում»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ նոյեմբերի 25-ին, մերժել է նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը: Պաշտպանը խնդրում էր  Վերաքննիչ քրեական դատարանից բեկանել Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2013թ. սեպտեմբերի 23-ին  կայացրած դատավճիռը, որով Սեդրակյանը մեղավոր էր ճանաչվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու համար եւ դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։