Եթե համեմատելու լինենք 90-ականների եթերի լեզուն այսօրվա եթերի լեզվի հետ, ապա այն բավական մաքրված է: Նոյեմբերի 26-ի մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

«Եթե 90-ականների վերջին մենք դժգոհում էինք եթերի լեզվից, հատկապես այդ սերիալների լեզվից, մենք չէինք կարողանում երեխաներ դաստիարակել այդ եթերի լեզվով, այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ մեր եթերը բավական կոփվել է: Եթե ես առաջ մտահոգվում էի հեռուստաեթերի համար, ապա այսօր այդ մտահոգությունները չունեմ»,- ասաց Լավրենտի Միրզոյանը:

Մյուս կողմից լեզվաբանի կարծիքով՝ այսօր լեզվի նկատմամբ չկա այն հոգատարությունը, որ պետք է լիներ. եթերի, մամուլի, և շատ լրատվամիջոցների գրավոր խոսքն աղավաղված է, կետադրական նշաններն անտեսված են, եթերում գերակշռում են ուղղագրական սխալները՝ հիմնականում լուսագրերի մեջ եւ գովազդներում։

«Վերջին ժամանակաշրջանում շատ է օգտագործվում «քաղաքապետեր», «համայնքապետեր», «դրամանիշեր», «խորհուրդանիշեր»: Պարզ բան է՝ եթե բարդ բառի վերջին բաղադրիչը «պետ» է, ուրեմն «ներ»-ը պարտադիր է: Այսինքն՝ ոչ թե «վարչապետերի հանդիպում», որն անընդհատ կա լրատվական ծրագրերում, այլ վարչապետների հանդիպում: Ով չգիտի, որ բոլոր պետությունների, բաղադրյալ հատուկ անունների առաջին բաղադրիչները գրվում են մեծատառ: Մի՞թե կարելի է էկրանին՝ լուսագրի մեջ, Հայաստանի Հանրապետության «հ»-ն գրել փոքրատառ: Ռուսաստանի Դաշնության «դ»-ն գրել փոքրատառ»,- նշեց լեզվաբանը:

Լավրենտի Միրզոյանը նշեց, որ սխալ են գրվում նաեւ փողոցների անունները։ Նա հիշեցրեց՝ եթե փողոցի անունն ունի «յան» և «յանց» վերջավորություն, մնում է անփոփոխ, «Աբովյան փողոց, ոչ թե Աբովյանի փողոց: Բայց եթե փողոցը, տեղանունը չունի «յան» և «յանց», պետք է գրել  սեռական հոլովով.  «Ոչ թե Կոմիտաս 1, այլ Կոմիտասի 1: Ոչ թե Սայաթ-Նովա 13, այլ Սայաթ-Նովայի 13: Դեռ Սայաթ-Նովայի մեջ էլ գիծ չեն դնում: Գծիկով գրվող բառերից են Սայաթ-Նովա, Դավիթ-Բեկ, Խնկո-Ապեր, Նար-Դոս: Անգամ Խնկո-Ապոր հանրապետական գրադարանի ճակատային մասում Խնկո-Ապոր մեջ գիծ չկա»: