Մենք պայմանավորվեցինք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:

«Մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը եւ ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՌԴ նախագահի պետական այցը կարեւոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: «Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում ընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի եւ նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ: Մենք պայմանավորվեցինք խրախուսել եւ աջակցել հումանիտար, գիտական, մշակութային եւ երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները»,-ասել է Սերժ Սարգսյանը: