Երեւանի  ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հրամանով՝  ծառայողական քննություն է նշանակվել դեկտեմբերի 2-ին մի աղջկա բերման ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Խոսքը այն աղջկա մասին է, ում ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, մտցնում են ոստիկանական մեքենա, իսկ աղջիկը գոռում է, թե ես անչափահաս եմ, բաց թողեք ինձ, ուր եք տանում եւ այլն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այդ աղջիկը 21.10.1990թ ծնված  Հասմիկ Գրիգորյանն է:

Ավելի վաղ Երեւանի  ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանությունը իրավունք չունի անչափահասին բռնի ուժով բերման ենթարկել, «ես դատապարտում եմ դա»:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին ոստիկանությունն իսկապես մեկ անչափահասի բերման էր ենթարկել: Խոսքը 03.04.1998 թ ծնված Էրիկ Իսրայելյանի մասին է, ով, ըստ իրավապահների, հանձնվել է ծնողի հսկողությանը` առանց նրա նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու: