Եթե երկիրն իր համար տնտեսական զարգացման որեւէ կոնկրետ ուղղություն է ընտրում առաջիկա տարիների համա, ուրեմն բուհական համակարգում նույնպես պետք է զարգացնել համապատասխան մասնագիտություններով կրթությունը։ Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողներին ասաց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:
«Իսկ այսօր մեր կրթության համակարգում ի՞նչ է տիրում. մենք ունենք բազում իրավաբաններ, հազարավոր տեղեր բժիշկների, տնտեսագետների համար: Հիմա եթե մենք մեզ համար կանխորոշել ենք, որ հետագա տնտեսական զարգացման համար հիմքը պետք է լինի տեքստիլ արտադրությունը, կոշիկի արտադրությունը, գյուղատնտեսության զարգացումը, պետք է այդ ճյուղերի վրա ուշադրություն դարձնել: Պիտի հասկանանք, որ ոչ բոլոր երեխաներին է տրված դառնալ իրավաբան, տնտեսագետ կամ էլ բժիշկ»,- ասաց Անի Զախարյանը:
Անի Զախարյանը նշեց, որ իր առաջ խնդիր է դրել ինտենսիվ մասնակցություն ունենալ բոլոր ոլորտների բարեփոխումներին, հատկապես կրթության ոլորտում, որտեղ, նրա խոսքով, լուրջ բացթողումներ կան։
Անի Զախարյանի կարծիքով՝ կրթական ոլորտում լուրջ արդյունքների հասնելու համար առաջին հերթին հարկավոր է «ակտիվացնել բարոյահոգեբանական մթնոլորտը, որը տիրում է դպրոցներում», վերականգնել պրոֆտեխ ուսումնարանների ինստիտուտը, ունենալ այլընտրանքային ուսումնական կառույցներ, որտեղ երեխաներին կսովորեցնեն կոշկակարություն, ոսկերչություն, կահույքագործություն, խոհարարություն:
«Ես գտնում եմ՝ բուհում պետք է լինի չափանիշ: Ոչ բոլորը պետք է մտածեն, որ բուհ ընդունվելը դա սովորական բան է, եւ ընդամենը 8-ից 10 բալ ստանալուց հետո կարող ես ընդունվել բարձրագույն հաստատություն»,-ասաց Անի Զախարյանը:
Անի Զախարյանը կարծում է, որ դպրոցներում 8-րդ դասարանից սկսած հարկավոր է որպես պարտադիր առարկա ավելացնել սահմանադրական իրավունքը, որն աշակերտներին հնարավորություն կտա տեղեկացված լինելու իրենց իրավունքների մասին. «Այս առարկան պետք է պարտադիր դարձնել նաև բոլոր բուհերում՝ հավուր պատշաճի գիտելիքներ հաղորդելով և բարձրացնելով ուսանողների քաղաքացիական գիտակցությունը: Այսօր մեր ազգաբնակչությունն ունի շատ ցածր քաղաքացիական գիտակցության մակարդակ: Եթե ֆեյսբուքյան օգտատերերն այս վերջին տարիների ընթացքում ավելի ակտիվ են դարձել իրենց դրսևորումներում, ապա զուտ ժողովրդի հետ շփվելու շնորհիվ է: Մի խոսքով՝ ժողովուրդ հասկացությունից ժամանակն է անցում կատարել քաղաքացիական հասկացություն տերմինին»,- ասաց նա:











