«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում արդեն մոտ մեկ շաբաթ միայն իրանական արտադրության հավկիթներ են վաճառում։ Սուպերմարկետի վաճառողները NEWS.am-ի թղթակցին ասացին, որ առաջիկա մի քանի օրերին էլ հայկական արտադրության հավկիթներ վաճառքում չեն լինի: Ավելին՝ վաճառողներին հանձնարարվել է հաճախորդների շրջանում գովազդել ու ամեն կերպ վաճառել պարսկական ձվերը, որոնց պահպանման ժամկետը լրանալու է մեկ-երկու օրից։ Ամենաթարմ հավկիթները մակնշված են նոյեմբերի 21-ով։
«Պարսկական ձվերն ավելի լավն են, դեղնուցը մեծ է, համն էլ ու ավելի էժան են հայկականից»,- հաճախորդներին համոզում էին վաճառողները։ Պարսկական խմբաքանակը սպառելու նպատակով հավկիթները վաճառվում են զեղչով։ Չնայած վաճառողների ջանքերին՝ գնորդները անտարբեր էին անցնում հավկիթների կողքով եւ դժգոհում տեղական արտադրության ձվի բացակայությունից։
Ավելի վաղ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը NEWS.am-ին ասել էր, որ մոտ օրերս հայկական արտադրության հավկիթներ կլինեն շուկայում, իսկ իրանական հավկիթները ներմուծվել էին շուկայում հավկիթի պակասուրդ թույլ չտալու նպատակով: Նրա խոսքով՝ արտերկրից հավկիթ են ներմուծել, որոնք մեկ-երկու օրում պետք է իրացվեին, մինչեւ ներմուծված հավերի ձվարտադրության ժամանակը հասունանա, սակայն մինչեւ հիմա իրանական հավկիթները չեն սպառվել։
Թերեւս հենց դա է պատճառը, որ հայկական արտադրության հավկիթները առայժմ հապաղում են շուկա հանել։











