Սյունիքում հանքարդյունաբերության կործանարար հետեւանքների մասին «Համահայկական բնապահպանական ճակատի» պատրաստած «Հայաստանի կոտրվող ողնաշարը» փաստագրական ֆիլմն արդեն համացանցում է։ Հայաստանի մի շարք բուհերի ղեկավարներ արգելել էին ֆիլմի ցուցադրությունը իրենց հաստատություններում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Համահայկական բնապահպանական ճակատի» համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը:
«Ֆիլմը հոկտեմբերի 8-ին առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայի տանը, հետո էլի եղան հանրային ցուցադրություններ: Բուհերի ուսանողներն իրենք նախաձեռնել են ցուցադրել իրենց բուհերում, բայց թույլ չեն տվել ցուցադրել Սլավոնական համալսարանում, ԵՊՀ-ի երեք ֆակուլտետներում եւ այլն: Վերջին պահին խնդիրներ են առաջացել ու չի ցուցադրվել, բայց չգիտեմ, թե ինչու չեն ցանկացել թույլատրել»,-ասաց Լեւոն Գալստյանը:
Ֆիլմը, սցենարի համահեղինակի խոսքով, պատմում է «Սյունիքում հանքարդյունաբերության պատճառով առաջացած բնապահպանական, առողջապահական, սոցիալական հիմնախնդիրների, էկոցիդի մասին»:
Լեւոն Գալստյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի ֆիլմը նայելով պետք է հասկանա, թե ինչ վտանգի առաջ է կանգնած Սյունիքը եւ ինչպես է թունավորվում հայրենի հողը, ջուրը, օդը: «Դա նույն գենոցիդն է, էկոցիդը, պատերազմ առանց զենքի, որը կկոտրի Հայաստանի ողնաշարը»,- ասաց Գալստյանը:
Ֆիլմը դեկտեմբերի 13-ից հասանելի է համացանցում։











