Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայում մսի ամանորյա առեւտուրը նախորդ տարվա այս ժամանակաշրջանի համեմատ ավելի պասիվ է։ Նույնիսկ ավանդական խոզի բդի վաճառքը նվազել է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մսավաճառները կարծիք հայտնեցին, որ գնորդների ոչ թե հետաքրքրությունն է նվազել, այլ գնողունակությունը։ Մյուս կողմից, շուկայի մսավաճառների գործին «խփում են» սուպերմարկետները։
«Ուրիշ տարիներին մինչեւ ժամը 2-ը, 3-ը վերջացնում, գնում էինք տուն, իսկ հիմա սկի կեսի կեսը չենք արել: Ժողովուրդը գնում ա սուպերմարկետները, հետո փոշմանում, հետ են գալիս: Ստեղ իրանց սրտի ուզած կտորը ասում են՝ էս գնով կտա՞ս, բարիշում, տալիս ենք: Էնտեղ յառլիկը ինչ գրած ա, էդ էլ տալիս են»,-NEWS.am-ին պատմեց շուկայի մսավաճառ Սերոժ Առաքելյանը՝ նշելով, որ շուկայում միսը 2500-ից 2600 դրամ է՝ սուպերմարկետներից 200-300 դրամով պակաս։ Մինչեւ նախատոնական եռուզեռը խոզի բդի մեկ կիլոգրամը 2000 դրամ էր։
NEWS.am-ի թղթակիցը նաեւ հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու՝ արդյո՞ք արդեն սկսել են ամանորյա պատրաստությունները եւ գնել են ամանորյա սեղանի բուդը:
Հարցվածների մեծ մասն ասաց, որ ամանորի սեղանի համար դեռ բուդ չի գնել գումարի բացակայության պատճառով: Շատերը սպասում են վերջին օրերին, հույսով, որ կէժանանա։ Բայց գրեթե բոլորն ասացին, որ պատրաստվում են ամանորյա սեղանին բուդ դնել. «Պարզ ա, որ պետք ա լինի. Գուցե նեղությամբ, գուցե դժվարությամբ»։
Հարցվածները նշեցին, որ մյուս գնումները թեեւ սուպերմարկետներից են անում, բայց խոզի բուդը նախընտրում են մսի շուկայից գնել, որտեղ միսն ավելի էժան է. «Սուպերմարկետներում նույն միսն ա, ուղղակի ձեւավորում են, ավելի թանկ են վաճառում: Գնում ենք օլիգարխներին հարստացնե՞նք»:
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ սուպերմարկետից բուդ չի գնում, որովհետեւ այնտեղ հիմնականում սառեցված է, ու չես կարող իմանալ՝ որտեղից են բերում։ Խոզի միսը, շատերի նման, նա գնում է ծանոթ խոզապահներից։











