Գյումրիի և Աշոցքի շրջանների նորակոչիկները դեկտեմբերի 19-ին Հանրապետական հավաքակայանում անցել են բուժզննում և լրագրողների ներկայությամբ մասնակցել վիճակահանության, որին հետևել են նաև տղաների ծնողներն ու հարազատները:
Վիճակահանության արկղիկները երեքն էին. առաջինը ծնողազուրկ երեխաների համար է, որոնց համար ընտրվել էին իրենց բնակավայրից 150 կմ հեռավորության վրա գտնվող զորամասերը:
Նորակոչիկները, ովքեր Պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ վարորդական իրավունք են ստացել եւ ծառայությունն անցնելու են որպես վարորդ, ընտրում էին երկրորդ արկղիկից: Մյուսների համար նախատեսված էր երրորդ ակղիկը:
Դեկտեմբերի 19-ին արկղերի մեջ 14 քաղաքների անվանումներ էին՝ Նուբարաշեն, Գորիս, Դիլիջան, Էջմիածին եւ այլն։
«Մենք ապրում ենք Ռուսաստանում, Կրասնոդարից ենք եկել: Տղայիս բերել եմ, որ այստեղ գնա բանակ»,- NEWS.am-ին ասաց ծնողներից մեկը, որի տղան ծառայելու է Արարատում:
Նորակոչիկների մեջ կային նաև Վրաստանի քաղաքացիներ, ովքեր կամավոր Հայաստան էին եկել՝ իրենց ծառայությունը ՀՀ բանակում անցնելու:











