Դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրերի դեմ դեկտեմբերի 20-ին ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների հետ զրուցել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը։ Նա ասել է, որ ինքը դուրս է եկել ԱԺ-ից, որ կանգնի ժողովրդի կողքին եւ ոստիկանությանը թույլ չտա ապօրինի գործողություններ իրականացնել։

Նա ասել է, որ այս պահին ԱԺ-ում դեռ քննարկում է ընթանում, եւ որ ավելի մեծ թվով քաղաքացիներ պետք է դուրս գան եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, քանի որ պատգամավորները չեն կարող միայնակ պայքարել։

Վահան Բաբայանը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու համաձայնագրին։ Ակտիվիստները պատգամավորներին կոչ են արել վայր դնել իրենց մանդատները եւ դուրս գալ փողոց, միանալ իրենց եթե ներսում նրանք ի վիճակի չեն որեւէ բան փոխել։

Տեղեկացնենք, որ քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին Վարդգես Գասպարիին։