ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված գազի համաձայնագրի դեմ դեկտեմբերի 20-ին երեկոյան ժամը 18։00-ից Ազգային ժողովի շենքի առջև հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները, տեղեկանալով, որ ռուս-հայկական համաձայնագրերի քվեարկությունը հետաձգվել է, երթով շարժվել են Ազգային ժողովի հետնամուտք, որտեղ «Պուտինի ստրուկ», «Ամոթ, ամոթ» վանկարկումներով և սուլոցներով դիմավորել են շենքից դուրս եկող ավտոմեքենաներին, ոմանց միջնամատ ցույց տվել։
Ոստիկանները երկու շարքով փակել են խորհրդարանի մուտքը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները հույսով սպասում են, որ պատգամավորները դուրս կգան ու կպատասխանեն իրենց հարցերին:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման համար քվեարկությունը տեղի կունենա երկուշաբթի:











