Շվեդական Եվլե քաղաքում հանրահայտ սուրբծննդյան այծն այրվել է անցյալ գիշեր՝ մի քանի օր չապրելով նախքան տոնը: Այծը պարբերաբար խրախճանքի սիրահարների զոհ է դառնում, իսկ տեղական բուքմեյքերներն ամեն տարի խաղադրույքներ են ընդունում, թե կարող է արդյոք քանդակը դիմանալ մինչեւ Սուրբ Ծնունդ:

Ամենահայտնի այծը, որն ավանդաբար Սկանդինավիայի ամանորյա ամենակարեւոր խորհրդանիշներից մեկն է, գտնվում է Եվլե քաղաքում: Արդեն 47 տարի շարունակ այստեղ ավանդական տոնածառի փոխարեն կենտրոնում տեղադրում են մեծ կենդանուն՝ 13 մետր բարձրությամբ եւ 7 մետր երկարությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այդ տարիների ընթացքում Եվլեում այծը մինչեւ Սուրբ Ծնունդ «ապրել է» միայն 12 անգամ: Մյուս դեպքերում անհայտ անձինք այրել են այն: 1976թ.-ին չարագործներին հաջողվել էր բեռնատարով հարվածել դրան: Տեղի ավազակները պատիվ են համարում թույլ չտալ այդ խորհրդանիշին ապրել մինչեւ Սուրբ Ծնունդ, հաղորդում է NEWSru.com-ը:

Քաղաքային իշխանությունները փորձում են կատարելագործել հսկայական այծը պաշտպանելու միջոցները, սակայն ապարդյուն. չի օգնում տեսախցիկների վերահսկողությունը, ոչ  չհրկիզվող նյութով պատելը: