«Մի ստրկացիր գազաստանին. հակագազ հագիր», «Նոր տարի, նոր Հայաստան», «Վերջ ազգուրաց վարչախմբին» պաստառներով նախախորհրդարանի անդամները դեկտեմբերի 21-ին, ժամը 15:30-ին, Ազատության հրապարակից սկսեցին Հիմնադիր խորհրդարանի վերաբերյալ իրազեկման հերթական երթը: (ֆոտոռեպորտաժ)

«Մեր երկիրը գնում է դեպի գաղութացում, երկրում անարդարություններ են տեղի ունենում: Մենք դուրս ենք եկել մարդկանց տեղեկացնելու երկրում առկա խնդիրների մասին, ասելու, որ մենք ցանկանում ենք ստեղծել նոր Հայաստան»,- բարձրախոսով հայտարարեց նախախորհրդարանի աջակից Գևորգ Սաֆարյանը:

Երթի մասնակիցները հասան Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, որտեղ  զորակցություն հայտնեցին նոյեմբերի 5-ին բողոքի երթի ժամանակ ձերբակալված Շանթ Հարությունյանին, որն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

«Եղբայր, դիմացիր, մենք քեզ հետ ենք»,- վանկարկում էին երթի մանսակիցները՝ պահանջելով ազատել Շանթ Հարությունյանին:

Այնուհետեւ նրանք երթով գնացին ՔԳՎ, որտեղ պահանջեցին վերջ տալ երկրում տիրող անարդարություններին՝ վանկարկելով «Մենք ենք տերը մեր երկրի»:

Երթին միացել է նաեւ Շանթ Հարությունյանի որդին։