Հայ-ռուսական գազային համաձայնագրի դեմ բողոքող ակտիվիստները սուլոցներով, «դավաճան» կոչերով են արձագանքնել տեղեկությանը, որ ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորները, հնարավորություն չունենալով քարտերով քվեարկել, ձեռքով են քվեարկել, ինչի արդյունքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ գազային համաձայնագիրն ընդունվել է 77 կողմ ձայներով։ Ոչ կոալիցիոն խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը եւ լքել դահլիճը։ (ֆոտոռեպորտաժ)

Հիշեցնենք, որ ԱԺ ժառանգական պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել էր իշխանական պատգամավորների քարտերը, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել։

Դրսում հավաքված ակտիվիստները «մահ դավաճաններին» վանկարկելով՝ միջնամատ են ցույց տվել համաձայնագրին կողմ քվեարկած պատգամավորներին եւ մետաղադրամներ են շպրտել ճաղավանդակների վրա։

Այս պահին ակտիվիստները վանկարկում են «մնում ենք փողոցում», «ազատ, անկախ, Հաայստան», երգում են «Զարթնիր, լաո» նաեւ ՀՀ պետական օրհենրգը, եւ որոշում են իրենց հետագա անելիքները։ Փողոցով անցնող մեքենաները ազդանշաններով աջակցություն են հայտնում ակտիվիստներին։

ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ականներ Նաիրա Զոհրաբյանը, Ռուստամ Գասպարյանը, «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը դուրս են եկել շենքից եւ միացել են ցուցարարներին։ Ակտիվիստները նրանց կոչ են անում մանդատները վայր դնել։ «Եթե վայր չդնեք, մեզ պետք չեք։ Դուք այնտեղ նրա համար եք, որ կատարեք մեր կամքը»,- ասել են ակտիվիստները։

Լեւոն Զուրաբյանը փորձել է տարածել ակտիվիստների մեջ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ՀԱԿ կարգախոսը, բայց ակտիվիստները խլացրել են նրա ձայնը՝ վանկարկելով «մանդատները վայր դրեք»։