Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել: Դրանում ասված է հետեւյալը.

«1. 2013թ դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013թ դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված ՀՀ Կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ «Հայռուսագազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառաքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրի քվեարկությունը:

2. Հարցի քվեարկության պահին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվերակության էլեկտրոնային համակարգը չի գործում եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա «ԱԺ կանոնակարգ օրենքի» 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ ըստ որի՝ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժղովը:

3.«Աժ կանոնակարգ» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 7 անդամից առնվազն 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ  քվերակության արդյունքները պետք է հաստատվեն Հաշվիչ հանձնաժողովի կողմից որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով:

4. Աժ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են  ՀՀԿ-ից Սուքիաս Ավետիսյանը, Տաճատ Վարդապետյանը, ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ Թեւան Պողոսյանը:

5. 2013թ դեկտեմբերի 23-ին Աժ հաշվիչ հանձնաժողովը «Աժ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով որեւէ որոշում չի կայացրել եւ քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի 7 անդամներից 4-ը՝  Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Թեւան Պողոսյանը չեն մանսկացել «Աժ կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24 մասով նախատեսված որեւէ գործընթացի:

6. Այսպիսով, 2013թ դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարությանբ միջեւ «Հայռուսագազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմնանների մասին համաձայնագրի վավերացման որոշում չի ընդունվել: Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ»:

Այս հայտարարության տակ ստորագրել են ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյան, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից ՝Լեւոն Զուրաբյան եւ «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, նրանք քվեարկել են ձեռքով: Համաձայնագրերին, ըստ Հովիկ Աբրահամյանի, կողմ է քվեարկել 77 պատգամավոր: