Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնակիչները հենց նոր հասան Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ, սակայն պարզվեց, որ բանկի մուտքի դռները փակ են, իսկ պատուհանների շերտավարագույրները՝ փակած (ֆոտոռեպորտաժ)։
Խաբված բնակարանատերերը համոզված են, որ բանկի աշխատակիցներին հրամայված է փակել դռները։
«Ներսում հաստատ մարդ կա, ո°նց կարա չլինի»,- բորբոքված NEWS.am-ին ասաց ակցիայի մասնակիցներից Վարսիկ Սարգսյանը։
«Վախենում են, որովհետեւ 150 մարդու բնակարան են վերցրել։ Մուկ են դառել, դուրս չեն գալիս»,- ավելացրեց մյուս ցուցարարը։
Բնակիչներն այս պահին թակում են դռները՝ պահանջելով բացել այն եւ պատասխանել իրենց հարցերին։ Տեսնելով, որ դռները չեն բացում եւ դրսում սաստիկ ցուրտ է, բնակիչները ձվերով հարվածեցին ապակիներին։
Նշենք, որ «Տոնուս»-ից տուժած բնակիչները այսօր՝ դեկտեմբեր 26-ին, «Դուրս մեր բնակարաններից, Դու օտար ես, «Արցախբանկ», «Դատապարտում ենք «Տոնուսի» եւ «Արցախբանկի» կանխամտածված խարդախությունը», «Կանխենք «Արցախբանկի» հանցավոր գաղափարները» գրությամբ պաստառներով հավաքվել են Կառավարության մոտ, որտեղից էլ երթով շարժվել Արցախբանկ՝ պահանջելու իրենց բնակարանները։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։ Նոյեմբերի 14-ին խաբված բնակարանատերերը ներխուժել էին Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ, հանդիպեցին կառավարչի հետ, սակայն ոչինչ չէր փոխվել։














