Գյումրիում խստաշունչ ձմեռ է, եւ վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում մի կերպ պատսպարված անօթեւան հարյուրավոր ընտանիքների հիմնական վառելիքը քանդված տնակներից մնացած շինաղբի մնացորդներն են, հնամաշ կոշիկներն ու թղթի թափոնները:
Առավել ծանր է անաշխատունակ եւ տարեց մարդկանց վիճակը: Տնակային ավանների բնակիչներից շատերի համար անգամ վառելափայտ ձեռք բերելը դարձել է դժվար իրականանալի երազանք: Սակայն երբեմն «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավանների բնակիչների շրջանում հանդիպում են այնպիսի մարդկանց, որոնք անկախ ծանր պայմաններից, հաճելիորեն զարմացնում են իրենց լավատեսությամբ:
Ներկայացվող տեսանյութը նման մի մարդու՝ Գյումրիի տնակային ավաններից մեկի բնակիչ, 76-ամյա Էմմա Ղազարյանի ապրելակերպի մասին է: Նա ապրում է իր անկողնային հիվանդ որդու հետ, ձեռագործի հմուտ վարպետ է, ինչը եւ նրա հիմնական զբաղմունքն է:











