2013թ. ծառայության ժամանակ ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանին սպանելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Տավուշի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 26-ին տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդում է տվել ոստիկանություն:

«Զանգահարել եմ 1-02, տեղեկացրել եմ կատարված հանցագործության մասին, որովհետեւ այսօր եւ առաջին դատական նիստից սկսած այն ինչ կատարվում է դատարանի դահլիճում, փաստաբանի օրինական գործունեության խոչընդոտում է, որը հանցագործություն է քրեական օրենսգրքով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանը հերքեց սպանվածի մորը` Լուիզա Ստեփանյանի պատմածը, թե ինքը նրան անվանել է թուրք՝ նշելով, որ դատարանի ձայնագրություններով կարող է դա ապացուցել:

«Եթե ասած լինեի, ես հաստատ դրանից չէի խորշի , բայց ինչ որ իրականում եղել է, թող դա հայտարարվի»,-ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանը նաեւ անդրադարձավ NEWS.am-ի հաղորդած այն տեղեկությանը, որ ինքը թքել է դատարանում. «Ես չեմ թքել, ուղղակի վիրավորական արտահայտություն էի ուզում անել, ինձ զսպեցի եւ գլխիս շարժումը դա էր նշանակում, այլ ոչ թե թքել»:

Վիճահարույց այս պահը NEWS.am-ի տեսանյութում երեւում է 1։51-1։56 րոպեների հատվածում։

Փաստաբանը պատմեց, որ առաջին նիստից սկսած ինքը փորձել է հաշտության եզրեր գտնել տուժող կողմի ներկայացուցիչների հետ, սակայն դա իրեն չի հաջողվել:

«Ամենացավալին այն է, որ շատ դեպքերում ոչ թե հայրն ու մայրն էին խոսում, այլ համագյուղացիները, որոնք ինչ-որ կապ ունեն, կամ չունեն սպանվածի հետ, եւ որեւէ մեկը չի կարողանում դա կանխել»,-ասաց փաստաբանը` նշելով, որ ինքը միշտ փորձել է զուսպ լինել, սակայն արդեն չի կարողանում հանդուրժել սպանվածի հարազատների նման պահվածքը:

Փաստաբանի խոսքով`դատարանի դահլիճում սեռական բնույթի հայհոյանքներ թույլ տվող հարազատները առաջինը պետք է մտածեն, որ տուժողի իրավահաջորդը կին է, եւ բարոյականություն ունենան, որ նման արտահայտություններ թույլ չտան նրա ներկայությամբ:

«Եթե նրանք որդի են կորցրել, եւ դա վիշտ է, ապա այդ վիշտը կրելու կոնկրետ ձեւեր գոյություն ունի, այլ ոչ թե փաստաբանին վիրավորել դրա պատճառով»,- ասաց Երեմ Սարգսյանը` նշելով, որ այսօրվա միջադեպը սկսվել է նրանից, որ Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը, մատը սահեցրել է վզի վրայով, նայել է իրեն եւ ասել, որ «մորթելու եմ քեզ, այ էսինչ»:

Դրանից հետո փաստաբանը, իր խոսքով, հարցրել է, թե արդյոք իր մասին է խոսքը, հնչել է դրական պատասխան եւ հայհոյանքներ Իշխան Ստեփանյանի կողմից:

Մեղադրյալի պաշտպանը ասաց, որ հաջորդ դատական նիստին դատարանին ինքնաբացարկ է հայտարարելու, քանի որ տվյալ դատարանը չի կարողանում կարգավորել այդ դատական նիստը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: