2013թ. նոյեմբերի 25-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածում դպրոցի բակում անչափահասներ Վարդանի եւ Մուշեղի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ընթանում է բազմաթիվ օրինախախտումներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալ, 17-ամա Վարդանի ավագ եղբայրը՝ Տիգրան Ավետիսյանը:

 «Օրինախախտումներից ամենակարեւորը առերեսումներն են, որ չեն անցկացվել: Նույնիսկ մեր պաշտպանը միջնորդություն է  ներկայացրել  քննչական մարմիններին, որպեսզի առերեսումներ անցկացնեն, որովհետեւ դա իրենց պարտականությունն է: Դա էլ են անտեսել ու առերեսումներ չեն կազմակերպել: Առանց նորմալ քննություն կատարելու գործն ուղարկեցին Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարան»,- բողոքում էր ամբաստանյալի եղբայրը:

Տիգրանի խոսքով՝ օրինախախտումներից  մեկն էլ այն է, որ գործով գլխավոր վկա  Հովհաննես Միքայելյանը դատարանում վկաների ցուցակի մեջ չկա.« Ինքը եղբորս հետ է եղել միջադեպի ժամանակ, սկզբում վկայություն է տվել, բայց էս պահին իր անունը չկա»

Տիգրան Ավետիսյանի կարծիքով՝ քննչական մարմնի բոլոր ապօրինությունների պատճառն այն է, որ տուժողի հայրը «Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրենն է:

«Եղբորս գլխին հիմա սարքում են, թե եղբայրս երեք չորս անգամ բռունցքներով հարվածել է ու գանգը ջարդել: Եղբայրս մի անգամ  ապտակել է, էդ ի՞նչ ուժի տեր պիտի լինի, որ մի հատ հարվածից գանգը ջարդի»,-ասաց Տիգրան Ավետիսյանը:

Ամբաստանյալի եղբայրը պատմեց, որ ինքը հիվանդանոցում այցելել է Մուշեղին, ծնողներին էլ առաջարկել է բուժման ծախսերը հոգալ. «Իրենք հրաժարվեցին, իրենց հետ ոչ մի կերպ հնարավոր չի համագործակցել»

17-ամյա Վարդան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 7 տարի ժամկետով: Վարդանը 2 ամիս է՝ կալանավորված:

Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով գործի դատական նյութերին, հայտնել էր, որ 2013թ. նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ի սահմաններում Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող թիվ 166 դպրոցի բակում տեղի ունեցած վիճանաբանության ընթացքում Վարդանը բռունցքներով հարվածել էր Մուշեղի գլխին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Գործով դատական առաջին նիստը նշանակվել էր այսօր՝ մարտի 3-ին, Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում: Այն հետաձգվեց, քանի որ երկու կողմի փաստաբանները դատական նիստին չէին ներկայացել։