Ծառայության ժամանակ սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 5-ին, հետաձգվեց մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի եւ Վաղինակ Գեւորգյանի դատարան չներկայանալու պատճառով։ Մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը հրաժարվեց մասնակցել դատական նիստին առանց պաշտպանների ներկայության։

«Ինձ դատարանից ծանուցում չէր եկել, դրա համար էլ ես դատից 2 րոպե առաջ եմ իմացել, որ այսօր նիստ կա, այդ պատճառով էլ չեմ եկել»,-NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Լյուքս Ստեփանյանի  հարազատների կարծիքով, սակայն, փաստաբանը դիտավորյալ չի ներկայացել՝ կատարելով նախորդ դատական նիստին հնչեցրած սպառնալիքը։ Նշենք, որ նախորդ դատական նիստին տեղի ունեցած միջադեպի ժամանակ փաստաբանը հայտարարել էր, որ դատական նիստերին չի ներկայանալու. «Բոլորդ գալու եք, այստեղ կանգնեք, գնաք»։

Դատավոր Զոյա Զաքինյան էլ հայտարարեց, որ փաստաբանների բացակայությունը անհարգելի է համարում եւ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում փաստաբաններին վարույթից հեռացնելու որոշում կկայացնի։

Դատական նիստին չէին ներկայացել նաեւ վկաները եւ տուժող Հրաչյա Սարգսյանը։

«Մենք բոլորս էլ գիտենք, որ նիստերը ամեն չորեքշաբթի են տեղի ունենում, եւ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները չեն ներկայանում գործը ձգձգելու, վարույթը խաթարելու նպատակով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի փաստաբան Արմեն Սարգսյանը։

Սպանված զինծառայողի վրդովված հարազատները դատարանի բակում որոշեցին, որ եթե մեղադրվող կողմի փաստաբանը հաջորդ անգամ էլ չներկայանա դատական նիստին, ապա իրենք գնալու են Կառավարություն՝ արտահայտելու իրենց բողոքը։

Մինչեւ նիստի սկսվելը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը մոտեցավ Լյուքս Ստեփանյանի հարազատներին, զրուցեց նրանց հետ եւ հորդորեց հանգստություն պահպանել եւ չխոչընդոտել դատական նիստերի ընթացքը։ Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, սեղմեց նրա ձեռքը եւ վստահեցրեց, որ այլեւս չեն խոչընդոտի դատական նիստերը։ 

Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, NEWS.am-ի հետ զրույցում, ասաց, որ փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունը նախորդ դատական նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կողմնակալ էր, եւ Արա Զոհրաբյանը բացահայտ պաշտպանում էր փաստաբան Երեմ Սարգսյանին։ Իշխան Ստեփանյանի կարծիքով, այդ հայտարարությունը ճնշում է իրենց հանդեպ, որը խոչընդոտում է  իր որդու սպանության գործով արդար դատաքննությունը։

Նշենք, որ դատական նիստին մասնակցելու էին մոտ 80-100 մարդ՝ Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիները։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: