Արմավիրի մարզի գյուղերում մատների վրա կարելի է հաշվել այն ընտանիքներին, որոնք բանկերից վարկով գումար չեն վերցրել։ Անցած գիշերվանից հետո գյուղացիների համար արդեն պարզ է՝ այս տարի վերցրած վարկը մարել չեն կարողանալու, մինչդեռ դեռ չեն փակել նախորդ տարվա կարկտահարությունից հետո սառեցված վարկերը։
Ծիրանի, սալորի, կեռասի, վաղահաս դեղձի բերքի կորստի հետ գյուղացիներն արդեն համակերպվել են։ Հույսը բանջարաբոստանային կուլտուրաներն են։
«Կարտոֆիլի թփերը բոլորը սեւացրելա երեկվա ցուրտը, մնացածն էլ էս գիշեր կտանի, գյուղացին կգնա Դուբայ հանգստանալու»,- NEWS.am-ին ասաց Ծաղկալանջ գյուղի բնակիչ, 48-ամյա Արայիկ Ստեփանյանը, որը մեր նկարահանող խմբի այցելության ժամանակ ընտանիքով պատրաստվում էր գիշերվա ցրտահարությանը, որը եւ օդերեւութաբանների կանխատեսումներով, եւ գյուղացիների փորձից ելնելով՝ ավելի խիստ է լինելու, քան անցած գիշեր, երբ գրեթե ամբողջովին ցրտահարվեցին Արարատյան դաշտավայրի եւ Արմավիրի պտղատու ծառերը։
Գյուղացու խոսքով՝ ցրտահարված բանջարաբոստանային կուլտուրաները որոշ չափով հնարավոր է վերականգնել հողը պարարտացնելու միջոցով, ինչը բավական թանկ է ու ամեն մեկի գրպանին հասանելի չէ։
«Սիլիտրա պիտի տանք, էն էլ ուժերս չի պատում։ Հունվար ամսին մեծահարուստները կարում են գրվեն, ստանան, մեր նման քյասիբ մարդիկ չեն կարում ստանան, հիմա էլ 8 հազարով գնում ենք վերավաճառողից ենք առնում։ Գյուղացին այսօր հնարավորություն չունի. որի՞ն տա՝ կարտոշկին տա, թարխունին տա, ծառին տա, բաղին տա, ո՞ր կուլտուրային տա»,- ասաց Արայիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ գյուխնախարարությունը թեեւ նախազգուշացրել էր, որ ցրտահարությունից խուսափելու համար ոռոգեն բանջարանոցները, բայց գյուղում բավարար չափով ոռոգման ջուր չի եղել. «Ջուրը էդքան ապահովու՞մ են, որ մարդիկ կարենան ջուր դնեն։ Կամ ասում են՝ ծխեցրեք, իրիկունն էլ խոսում են, ասում են՝ արդեն ծխեցումն էլ չի օգնի, ի՞նչ անենք բա, աթար էլ չկա, ինչո՞վ ծխեցնենք»։
Անցած տարվա կարկտահարությունից հետո պետությունը ընդամենը 40 հազար դրամ է յուրաքանչյուր գյուղացուն փոխհատուցել, այն էլ ոչ բոլորին. «էդ 40 հազարը ինչի՞ս ա պետք, որ մենակ 88 հազար դրամի սիլիտրա եմ առել, էլ չասած՝ տրակտորիստի փողը եւ մնացած ծախսերը։ Բոլորս էլ վարկի տակ ենք, հիմի էլ ախ ենք անում, ասում ենք՝ կարող ա էս էլ հետաձգենք։ Դե որ հետաձգում են՝ ի՞նչ, կրկնակի տոկոսի տակ ենք ընկնում։ Թող կամպյուտերը բացեն, տենան մի անձնավորությունը քանի բանկի հետ գործ ունի»։











