Սովետական Միության տարիներին բռնադատվածներն ու բռնադատվածների ժառանգները դժգոհ են կառավարությունից, նրանք պահանջում են, որ պետությունն իրենց թոշակ տրամադրի, 50%-ով փոխհատուցի իրենց կոմունալ վճարները: Այս պահանջներով այսօր՝ հունիսի 19-ին, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ հավաքվել էին կառավարության մոտ:
«Հրաման հանեցին, որ պետք է դոտացիաներ լինեն: Այսինքն՝ պետությունը 50%-ով կփոխհատուցի բռնադատվածների և նրանց ժառանգների կոմունալ վարձերը: Երեք տարի 3.5 հազարական դրամ ամեն ամիս տվեցին, բայց հետո դա էլ վերացավ: Հետո պատգամավորներից ոմանք խոսատանցան հարց բարձրացնել, որ պետությունը 10 հազարական դրամ ավելացնի թոշակին: Ասեցին ու չարեցին, որովհետև նախկին վարչապետն ասաց, որ բյուջեն ճեքվածք ունի»,-NEWS.am-ին ասաց բռնադատվածի ժառանգ Մարո Գեւորգյանը:
1949թ. ընտանիքի հետ Սիբիր աքսորված Մարալ Դուրգարյանը NEWS.am-ին ասաց, որ ինքը պահանջում է, որպեսզի պետությունն իրեն վերադարձնի այն տունը, որտեղ իրենք ընտանիքով ապրել են մինչեւ բռնադատվելը:
«1946թ. արտասահմանից եկել ենք ընտանիքով Հայաստան, 1949թ. մեզ աքսորել են, ես եղել եմ 4-5 տարեկան: Մեր սեփական տնից են մեզ աքսորել ու մինչև հիմա տունը մեզ չեն տալիս: Մեզ որ աքսորել են, մեր ունեցվածքը մնացել ա, չէ՞, որովհետև մեզ ասել են՝ ձեզ սանատորիա ենք տանում: Մենք սիրով ենք ապրում մեր հայրենիքում, սա մեր հողն է, մեր ջուրն է, երբեք չենք բացակայի, բայց ուզում ենք, որ արդարություն լինի»,-ասաց Մարալ Դուրգարյանը:











