Մաշտոցի պուրակում այսօր՝ հունիսի 19-ին, տնտեսագետ Հասմիկ Էվոյանի մտահղացմամբ տեղադրվեց հանրային դաշնամուր: Այսուհետ այնտեղ դաշնամուր կարող է նվագել յուրաքանչյուրը օրվա ցանկացած պահի:
«Միտքը մոտս ծնվեց, երբ Չեխիայում էի եւ այնտեղ տարբեր քաղաքաներում տեսա հանրային դաշնամուրներ: Մտածեցի, որ եթե մենք էլ նման հանրային դաշնամուր ունենանք Երեւանում՝ Մաշտոցի պուրակում, դա հաստատ աշխուժություն կմտցնի քաղաքում: Մաշտոցի Պուրակը կլինի ոչ միայն քաղաքացիական, այլ մշակութային հարթակ»,-NEWS.am-ի հետ զրույցում Հասմիկ Էվոյանը:
Հասմիկը նշեց, որ գաղափարի իրականացման համար ֆինանսական աջակցությունը ցուցաբերել է «Օսըմ» հիմնադրամը. «Փետրվարին ինձ զանգեցին եւ ասացին՝ այդ ամիս «Օսըմ» հիմնադրամի խորհուրդը որոշել է, որ հենց իմ գաղափարն է հաղթել, եւ մենք Երեւանում կունենանք հանրային դաշնամուր»:











