Ողբերգական վթարի օրը Հակոբյանների վարած «ՎԱԶ 2121» Նիվա մակնիշի մեքենայի շուկայական արժեքը 3 մլն դրամ չի կարող լինել, այդ թիվը ուռճացվել է, որպեսզի կալանք դրվի Վարդան Պետրոսյանի ամբողջ գույքի վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին,Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Կալանք է դրվել նրա տրանսպորտային միջոցի եւ գյուղում տան վրա: Հայց է ներկայացվել 2.600.000 դրամի չափով, որպեսզի հայցաչափը գերազանցի 1.800.000 դրամի սահմանը եւ կալանք դնեն Վարդան Պետրոսյանի ամբողջ գույքի վրա, հակառակ դեպքում կալանք չէր դրվի նրա գույքի վրա եւ կփոխհատուցեր մեքենայի ապահովագրական ընկերությունը: Խնդիր է եղել պարզել դերասանի գույքի չափը, որ հետո տեսնեն, որքան բռնագանձեն»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Վարդան Պետրոսյանն էլ խոսքի իրավունք խնդրեց եւ հայտարարեց, որ իր ամբողջ գույքի վրա կալանք են դրել, որպեսզի իրեն հոգեբանորեն ճնշեն:
«Ես դա գիտեմ եւ լավ զգում եմ, որ սա հերթական հոգեբանական ճնշումն է իմ նկատմամբ Ինչ վերաբերում է 3 միլիոնին, սա ցավալի խոսակցություն է ինձ համար, ես կուզեի, որ ավելի շատ գնահատվեր «Նիվայի» գինը, բայց ես կուզեի, որ դա չարվեր իմ վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար: Խնդիրը 3 միլիոնը չէ, սա անհաջող մեթոդ էր»,-հայտարարեց Վարդան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:











