Բրայթոնի համալսարանի տարածքում ավարտվել է կենցաղային թափոններից երկհարկանի շինության կառուցման 12-ամսյա «կանաչ» նախագիծը, որը Brighton Waste House անունն է ստացել:

Բավական նորաոճ, ժամանակակից եւ մաքուր տուն է ստացվել, չնայած կառուցվել է ոչ շատ թարմ նյութերից: Որպես շինանյութ ծառայել են արդեն օգտագործված աղյուսներ, իսկ 85%-ն ընդհանրապես աղբ է եղել, օրինակ՝ 20 հազար մեկանգամյա օգտագործման ատամի խոզանակներ, որոնք դեն են նետել Գատվիկի օդանավակայանի ուղեւորները: Պատերի եւ երեսպատման համար օգտագործվել են DVD-ի եւ VHS-ի 4.000-ական տուփեր: MNN կայքի փոխանցմամբ, նյութերի շարքում իրենց տեղն են գտել 2 տոննա ջինսե կտորտանքները, որոնցով լցրել են դատարկ տուփերը եւ այլն:

Նախագծի իմաստն է՝ ցուցադրել, թե ինչպես կարելի է հնարավոր ամեն ինչից միանգամայն նորմալ, ժամանակակից տուն կառուցել: Ընդ որում, նյութերը կարելի է ձեռք բերել անվճար եւ որոնք, լավ ջերմամեկուսացման շնորհիվ, հնարավորություն կտան տնտեսել ջեռուցման ժամանակ:

Ըստ NEWSru.com-ի, տան կառուցման աշխատանքներին մասնակցել են 250 ուսանողներ եւ մի քանի պրոֆեսիոնալ շինարարներ՝ կամավորության սկզբունքով: