Ֆլորիդա նահանգի 50-ամյա բնակիչ Էրրան Ֆրեյզերը, մոտենալով վերջերս գնած իր ավտոմեքենային, կատվի մլավոց է լսել: Տղամարդը մտածել է, որ իրեն թվում է, սակայն մլավոցները նորից ու նորից են լսվել:
JcNews-ի փոխանցմամբ, Էրրանը որոշել է փորձարկում անել. նա կատվի համար նախատեսված կերը դրել է ավտոմեքենայի անիվների մոտ եւ տեսախցիկն այնպես ամրացրել, որ այն տեսագրի մեքենայի տակ կատարվածը:
Հաջորդ օրը կերն անհետացել է, բայց տեսախցիկն այդպես էլ չի կարողացել նկարահանել կատվին, իսկ մեքենայից կրկին մլավոցներ են լսվել: Բարեբախտաբար, տղամարդը կենդանիների սիրահար է եղել. նա հանել է գործիքներով ճամպրուկն ու մեքենայի թափքի վրա անցք բացել: Միայն դրանից հետո է նա կարողացել հանել կենդանուն:
«Ես տեսա այդ փոքրիկ կենդանուն, որն իր թաքստոցից ինձ էր նայում»,- պատմում է Էրրան Ֆրեյզերը:
NEWSru.com-ի փոխանցմամբ, քանի որ տղամարդը ե՛ւ շուն է ունեցել, ե՛ւ երկու կատու, կենդանուն հանձնել է կենդանիների պաշտպանության ծառայությանը: Փոքրիկ կատվին հանձնել են երկու դեռահաս աղջիկ ունեցող ընտանիքի, ովքեր նրան Մեգան են կոչել:
Ի նշան երախտագիտության՝ կենդանիների պաշտպանության ծառայությունը սկսել է միջոցներ հավաքել Ֆրեյզերի մեքենայի վերանորոգման համար: Տղամարդն ասում է, որ այդ հաճելի անակնկալ էր, քանի որ չէր կարողանալու վճարել թափքի թանկ վերանորոգման համար:











