«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Աֆրիկյանների տան մոտ է, նա միացել է շենքի ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստներին:
«Եկել եմ այստեղ որպես ավագ աջակցող, եկել եմ զորակցելու եւ տխրելու, որ մենք այսպիսի իշխանություններ ունենք, որ պատրաստ են պատմական այսպիսի շինությունները քանդելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Րաֆֆի Հովհաննիսյանը, որպեսզի շենքը կանգուն մնա, նա պատասխանեց. «Ժառանգությունը» կանգնած է քաղաքացիական պայքարի ակունքներում եւ մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման հերթափոխ: Մենք պետք է պայքարենք անօրինականությունների դեմ, պետք է գնանք մինչեւ անգամ իշխանափոխության, որի արդյունքում կգա նոր լեգիտիմ իշխանություն»:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է ակտիվիստներին եւ հարվածում է Աֆրիկյանների տան շինհրապարակի ցանկապատին՝ ի նշան Աֆրիկյանների շենքի քանդման դեմ բողոքի: Ոստիկանները փորձել են խանգարել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն վերջինս շարունակել է հարվածել թիթեղներին:
















