Երբ որ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցումն ավարտին հասցվի, այդ ժամանակ էլ բոլորիս տները կկառուցվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը դեռ 2002թ.-ին հանձն առավ վերակառուցել երկրաշարժից վնասված եկեղեցին:

«Ինքս  ավարտին կհասցնեմ կառուցումը.  սրբատեղին գյումրեցիների համար առավել քան կարեւոր է: Մեր բոլորիս տները կկառուցվի, երբ որ  ավարտին հասցվի այս եկեղեցին, չեմ շտապի օր ասել, բայց ուզում եմ եղեռնի 100-ամյակին արդեն ավարտած լինել շինաշխատանքները»,-ասաց նա:

Թե ինչքան գումար է ծախսել եկեղեցու կառուցման համար, նախկին քաղաքապետը հրաժարվեց ասել ՝ նշելով միայն, որ այն կառուցվում է գյումրեցիների աղոթքներով. «Մի եպիսկոպոս եկեղեցու պատարագամատույցն ինքն է լինում, Աստծո լույսն իջնում է մի ծերունու վրա, եպիսկոպոսը հարցնում է՝ Տեր Աստված, բայց չէ՞ որ ես կառուցեցի, երկնքից ձայն է լսվում՝ դու կառուցեցիր այդ ծերունու աղոթքներով: Ես չգիտեմ՝ այդ ծերունին այստեղ որ մեկն է, բայց եկեցեին կառուցվել է գյումրեցիների աղոթքներով»:

Եկեղեցու վերակառուցունը Ղուկասյանների ընտանիքը սկսել է դեռ 12 տարի առաջ: Այսօր արդեն աշխատանքները մոտենում են ավարտին: Հունիսի 21-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապայնանն ու հայ առաքելական  եկեղեցու տարբեր թեմերի սրբազանների ու հոգեւորականների մասնակցությամբ օծվեց եկեղեցու խաչն ու տեղադրվեց գմբեթին՝  220 կգ կշռող հիմնաքարի վրա:

Արարողությանը ներկա էր մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանը չէր եկել:

Նշենք, որ եկեղեցու արտաքին տեսքի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, ներքին հարդարումներն էլ շուտով կսկսվի: