Հայաստանի Ազգային Ժողովի շենքի՝ Դեմիրճյանի փողոցի կողմից մուտքի մոտ այս պահին հավաքվել են պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ հանդես եկող «Դեմ եմ» շարժման մոտ երեք տասնյակ ակտիվիստներ: Նրանք իրենց հետ նարնջագույն փուչիկներ են բերել, որոնց վրա տարբեր դեմքեր (սմայլիկներ) են նկարված: Փուչիկների վրա գրված են «մեծապատիվ մուրացկաններ» եւ 67 (Կուտակային կենսաթոշակների օրինագծին կողմ քվեարկած պատգամավորների թիվն -խմբ):

«Սրանք մեր պատգամավորիկներն են, որոնց մենք ենք ի սկզբանե փչել, մեծացրել չաղացրել, հասունացրել, բայց որոնց պատրաստ ենք նաեւ պայթեցնել: Այ տեսեք, ինքը շատ տխուր դեմք ունի, որովհետեւ գիտի, որ պայթելու է: Վրան էլ գրել ենք՝ «պայթյունավտանգ է»,- լրագրողներին ասաց «եմ եմ»-ի ակտիվիստներից Նարինե Պողոսյանը՝ նշելով, որ փուչիկները կպայթեն օրինագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից հետո, պատգամավորների դուրս գալու ժամանակ:

Բացի այդ, ցուցարարները 10 եւ 20 դրամանոցներով գետնին գրել են «67»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ն այսօր 67 կողմ ձայներով, առաջին ընթերցմամբ, ընդունել է կուտակային կենսաթոշակների օրենքի մասին փոփոխությունները: ՀՅԴ եւ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցությունները երկու անգամ պահանջել են ձայների վերահաշվարկ, սակայն նրանց խնդրանքը չի բավարարվել:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական քառյակի ուժերը («Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ) մի քանի անգամ նոր օրինագծի դեմ են հանդես եկել՝ պատճառաբանելով, որ այդ փոփոխությունները միայն կոսմետիկ բնույթ են կրում: Մասնավորապես, քառյակի դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ պարտադիր կուտակային վճարումները օրենքում ֆինանսական իմաստով պահպանվել են, փոխվել է միայն ձեւակերպումը. դրանք վերափոխվել են պետական ծառայողների համար պարտադիր սոցիալական վճարումների: Մասնավոր հատվածի աշխատողների համար օրենքը ուժի մեջ կմտնի 2017թ հուլիսի 1-ից: