Մոտ 30 երիտասարդներ հունիսի 20-ին Մերգելյան ինստիտուտի տարածքում ամառային արեւադարձի` ամենաերկար ցերեկվա եւ ամենակարճ գիշերվա օրվան ընդառաջ, կազմակերպել էին յոգայի ցուցադրական դաս, որպեսզի իրենց շնորհակալությունը հայտնեն արեւին:
«Յոգայի միջոցով ողջունում ենք արեւին, փորձում ենք մեր հարգանքը եւ սերը փոխանցել այն գոյությանը, որը կա ի շնորհիվ արեւի: Միջոցառման նպատակը հանրությանը ինչ-որ կերպ յոգան հասանելի դարձնելն է եւ նրա մասին իրազեկելը: Յոգան գիտելիքների մի համակարգ է, որը նպաստում է մարդու ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր զարգացմանը»,- NEWS.am-ին ասաց յոգայի ուսուցիչ Սվետլանա Ավագյանը:
Ամեն տարի հունիսի 21-ին, նշվում է ամառային արեւադարձի օրը. այսօր տարվա մեջ ամենաերկար ցերեկն է:











