ԱԺ-ում այսօր՝ հունիսի 21-ին,  երկրորդ ընթերցմամբ ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ իրենց բողոքը հայտնելու եկած «Դեմ եմ» նախաձեռնության անդամները ԱԺ-ից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավորներին դիմավորեցին «դավաճան», «ամոթ», «ձրիակեր», «տղամարդ եղեք, արա», բղավոցներով ու սուլոցներով, իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ծափահարություններով:

«Հանկարծ ձեր դուխը չկոտրեք, դրսից պարզ երեւում ա, թե ով ով ա»,- Արծվիկ Մինասյանին ասացին ակտիվիստները:

«Դուք ո՞վ եք, գիշերները քնում ե՞ք: Հանգի՞ստ եք քնում», - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին հարցրին ակտիվիստները: Նա հեռացավ՝ առանց որեւէ բան ասելու:

ՀՀԿ-ական պատգամավորների դուրս գալու ժամանակ «Դեմ եմ»-ի անդամները փուչիկներ պայթեցրին: Նշենք, որ նրանք նարնջագույն փուչիկներ էին բերել ԱԺ-ի մոտ՝ ասելով, որ դրանք օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներն են:

Ակտիվիստները նաեւ սուլում էին այն մեքենաների հետեւից, որոնք դուրս էին գալիս ԱԺ-ից:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, ընդդիմությունը՝ ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցության անդամները, մատնանշել են իշխանական պատգամավորներին իրենց կոլեգաների բացակայությունը: Օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ 131-ից 67 ձայնով, սակայն ընդդիմության խոսքով՝ դահլիճում ներկա էին իշխող կուսակցության միայն 64 պատգամավոր: