«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները, ովքեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ այսօր՝ հունիսի 23-ին, բողոքում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, քիչ առաջ ճեղքեցին ոստիկանական պատը եւ բարձրացան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մուտքի մոտ (ֆոտոռեպորտաժ)։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այստեղ բախումներ եղան ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Ոստիկանները երկու հոգու՝ Ադամյան Արսենին, Վահան Դուրինյանին նստեցրեցին մեքենան, որպեսզի բերման ենթարկեն, բայց ակցիայի մասնակիցները նրանց թույլ չեն տալիս դա անել:
Նրանց մի մասը նստել է, մյուսներն էլ՝ կանգնել մեքենայի դիմաց ու պահանջում են, որ ոստիկանները բացատրեն, թե ինչու են բերման ենթարկում իրենց ընկերներին։
Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:



















