Հանրային ծառոայությունները կարգավորող հանձնաժողովի առջեւ կրքերը դեռ չեն հանդարտվում։ Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել էլեկտրաէներգիայի դեմ պայքարող քաղաքացիներին, վերջին տվյալով, նրանց թիվը հասնում է 20-ի։

Ոստիկանների հետ բախումներում շատերը մարմնական վնասվածքներ են ստացել, երկու քաղաքացիների «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

«Էս իսկական սպանդ էր, ես կողքով էի անցնում, երբ պատահաբար տեսա, թե ինչ ա կատարվում, մարդկանց շրջապատել եւ քաշքշելով տանում էին, հեռախոսով նկարողների հեռախոսները խլում էին, գցում, ջարդում, իմ նոթբուքն էլ գցեցին, պայուսակս պատռեցին։ Տեսա՝ մի տարեց կնոջ քարշ տալով տանում էին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արեւիկ Հայրապետյանը, որն ակցիայի մասնակից չէր։

Ակցիայի մասնակիցներից շատերը բողոքում են, որ ոստիկաններն իրենց հայհոյել են, շատերի հագուստները պատռված են։ Հարցին, թե ոստիկանությունը պատրաստվում է արդյոք հատուցել որոշ քաղաքացիների ու լրագրողների կրած նյութական վնասի համար, որովհետև բողոքի ակցիան ցրելու հետևանքով ջարդվել են լրագրողների և օպերատորների տեխնիկական սարքերը, պատառոտվել է քաղաքացիների հագուստը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց. «Այդպիսի բան չի կարող լինել, որ ոստիկանները ջարդեն որևէ բան, եթե նման բան է եղել, ես ներողություն եմ խնդրում»:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասաց, որ բերման ենթարկվածներից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին։ Մինչդեռ ակտիվիստները պնդում են, որ նման բան չի եղել, իրենք հանգիստ կանգնած են եղել, երբ ոստիկանները հարձակվել են ու «գողացել» իրենց ընկերներին։

Այս պահին ակտիվիստները շարունակում են կանգնած մնալ Սարյան փողոցում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմացի մայթին։ Ոստիկաններն էլ պատ կազմած կանգնած են մայթի մոտ։

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am