Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց այսօր՝ հունիսի 23-ին, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախումներում վիրավորված Արա Կարագյոզյանին հիվանդանոց են տեղափոխել կրծքավանդակի սալջարդով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից։

Ականատեսները NEWS.am-ին պատմեցին, որ քաղաքացիական ակտիվիստին հարվածել է ոստիկանը։

«Ես եկա, տեսա՝ Արա Կարագյոզյանը ճաղերին հենված էր, հարցրի՝ ինչ ա եղել, ասաց՝ գլխին ու սրտին են հարվածել։ Ցնցումների մեջ էր։ Իսկ էն ոստիկանը, որ հարվածել էր իրեն, կանգնել կողքին, լացում էր։ Ասում էր՝ տանեմ հիվանդանոց, բայց մինչեւ խփելը պետք ա մտածեր։ Զանգեցին «Շտապօգնություն», բավականին ուշ եկավ»,- ասաց ակցիայի մասնակից Նարինե Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ոստիկանները Սարյան փողոցից բերման են ենթարկել մոտ 20 քաղաքացու։ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամներն այժմ երթով գնում են դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժին, ոտեղ տեղափոխել են բերման ենթարկվածներին։

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով: