Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ այսօր՝ հունիսի 23-ին, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախումներից հետո հիվանդանոց տեղափոխված ակտիվիստ Արա Կարագյոզյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: NEWS.am-ի հետ զրույցում ակտիվիստը պատմեց դեպքի մանրամասները՝ նշելով, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ոստիկանություն:
«Նստացույցի ժամանակ ոստիկանը ոտքիցս քաշեց, տեսավ, որ վեր չեմ կենում, երկու ձեռքով բռնեց քունքերիցս, քունքերս սեղմելով քաշում էր, հետո սվիտերիցս քաշեց, տեսավ, որ չի կարողանում հանել, սրտիս զարկեց: 3-4 րոպե ուշքս գնացել էր: Ոստիկանները տեսան, որ ուշաթափվել եմ, մի կողմ քաշվեցին: Հետո «Շտապօգնությունը» եկավ, ինձ տարան հիվանդանոց»,-NEWS.am-ին պատմեց Արա Կարագյոզյանը՝ նշելով, որ իր նկատմամբ ոստիկանների բռնության մասին տեղեկացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի» հերթապահ բժիշկ Արթուր Տիգրանյանը NEWS.am-ին ասաց, որ ակտիվիստին հետազոտել են, նրա մոտ կոտրվածք կամ ներքին արնահոսություն չկա:
Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:











