Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 23-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը մերժեց որպես վկա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ գործով քննիչին դատարան կանչելու վերաբերյալ միջնորդությունը։

«Միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ պաշտպանական կողմը որեւէ հիմք չներկայացրեց, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպումները որեւէ կապ ունեն մեղադրյալի ձերբակալության հետ։ Եթե դատաքննության ընթացքում ապացուցվի քննիչի հետ կապված ճնշումներ, հետագայում այդ հարցը նորից կքննվի»,-ասաց դատավորը։

Փաստաբան Արա Զաքարյանն իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Վոլոդյա Ավետիսյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություննները խախտելու պատճառով է Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել։

«Լրատվամիջոցների հետ հարցազրույց տալու ընթացքում ՊՆ նախարարը եւս ընդունել է, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ 2 հանդիպում է տեղի ունեցել, եւ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները Վոլոդյա Ավետիսյանը խախտել է։ Եվ այդ պայմանավորվածություների խախտումն է, ըստ էության, հիմք հանդիսացել իմ պաշտպանյալի նկատմամբ գաղտնալսումներ եւ դիտարկումներ իրականացնելու եւ, ի վերջո, քրեական հետապնդում իրականացնելու համար։ Մենք կարծում ենք, որ ՊՆ նախարարն ունի այնպիսի տեղեկություններ, որոնք էական նշանակություն ունեն գործի համար»,- ասաց փաստաբան Արա Զաքարյանը։

Նա նաեւ նշեց, որ դատաքննության ընթացքում Մաթոսյան ամուսինները ցուցմունք տվեցին, որ իրենց տարել են Ռազմական ոստիկանություն եւ մի քանի ժամ պահել, այնտեղ ամուսինները պնդել են, որ իրենց չի հետաքրքրել իրենց որդուն համակարգչային օպերատոր նշանակելու հարցը։

«Նրանք երկուսն էլ նշել են նախաքննության ընթացքում այդ մասին, սակայն քննիչը չի արձանագրել, ավելին, քննիչը իրենց առաջարկել է համագործակցել, որին իրենք համաձայնել են, այդ պատճառով գտնում եմ, որ քննիչը նույնպես պետք է դատարանում հարցաքննվի որպես վկա»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ այսօր դատարանում հետազոտվեցին իրեղեն ապացույցները՝  Վոլոդյա Ավետիսյանի եւ վկաների միջեւ եղած հեռախոսազրույցների ձայնագրությունները եւ տեսագրությունները։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։