Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանի դատավճիռը կայացվել է մինչեւ դատաքննությունը, իսկ ջ դատաքննության ամբողջ ընթացքը ձեւական բնույթ է  կրել։ Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառի ժամանակ ասաց ամբաստանյալի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Բոլորս գիտենք, որ երբ Լյուքս Ստեփանյանի դին նրա ծնողները բերում էին Երեւան, նրանց հետ հանդիպեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, եւ իրավիճակը մեղմելու համար երեւի ասել է, որ Լյուքս Ստեփանյանին միտումնավոր են սպանել, եւ հիմա նախաքննական մարմինը, եւ բոլորը փորձում են այնպես անել, որ նախարարի խոսքը ճիշտ դուրս գա»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իր ասածը հիմնավորվում է նաեւ վերջերս լրատվամիջոցներից մեկին հետ զրույցում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի խոսքը, թե նախաքննությունից ինքը գոհ է. բոլոր ապացույցները հայտնաբերվել են եւ մեղադրանքը հաստատվել է։

Փաստաբանը կարծում է, որ եթե չլիներ նախապես որոշված դատավճիռ, գլխավոր դատախազը նման բան չէր ասի։

Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաեւ Լյուքս Ստեփանյանի հարազատների հանդիպմանը դատավորի հետ առանձին սենյակում առաջին դատական նիստին, երբ մեղադրյալի պաշտպանները չէին ներկայացել, եւ դատը հետաձգվել էր։

Երեմ Սարգսյանը նաեւ հիշատակեց դատական նիստերի ժամանակ Լյուքս Ստեփանյանի հարազատների վատ պահվածքը,  նրանց հայհոյանքները իր պաշտպանյալի եւ իր հասցեին, որը դատարանի կողմից ոչ մի ձեւով չի պատժվել։

«Միթե դատարանն իրավունք ունի տարբերություն դնել կողմերի միջեւ։ Եւ եթե դատարանը թաքնված վախեր ունի կողմերից մեկի նկատմամբ, ապա ինչպե՞ս պետք է անաչառ որոշում կայացնի»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: