Աֆիկյանների տան մոտ ի պաշտպանություն 19-րդ դարի պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի պահպանման այսօր՝ հունիսի 24-ին բացօթյա համերգ տված աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանի հեռանալուց հետո իրավիճակը Տերյան 11 հասցեում կտրուկ թեժացավ։
Ակտիվիստները, որոնք մինչեւ այդ Կոմիտաս էին լսում Համասյանի կատարմամբ, սկսեցին կրկին խփել շենքը պատնեշող թիթեղներին՝ ի նշան շենքի ապամոնտաժման դեմ բողոքի։
Ոստիկանները սկսեցին ուժով հետ մղել նրանց պատնեշի մոտից։ Սկսվեց վիճաբանություն եւ քաշքշոց։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանների թիվը թեւ շատ մեծ է, նրանք չեն կարողանում բոլոր քաղաքացիներին հեռացնել պատնեշից։
Քաղաքացիներն ամբողջ ուժով հարվածում են պատնեշին։ Լարվածությունը չի թուլանում։ Տերյան-Պուշկին խաչմերուկը փակ է։ Ոստիկանները փորձում են պատ կազմել մետաղյա պատնեշի երկայնքով մեկ։ Ոստիկանակն ուժերը համալրվել են. ժամանել են մեծ թվով կարմիրբերետավորներ։
Ի դեպ, հեռանալուց առաջ Տիգրան Համասյանը փորձել էր ներս մտնել պատնեշից ու տեսնել շենքը, սակայն ոստիկանները նրան թույլ չէին տվել դա անել։
Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։











