Հայաստանում դատարաններն անկախ չեն, յուրաքանչյուր դատավճռի ելքը որոշում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին «Հարսնաքարի» գործով դատապարտյալների հարազատները, որոնք գնացել էին նախագահական նստավայրի դիմաց` բողոքելու ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 23-ին կայացրած վճռից, որով այն անփոփոխ թողեց 6 մեղադրյալներին 12 տարվա ազատազրկման ենթարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դատապարտյալների հարազատները հանդիպեցին նախագահականի նամակների և քաղաքացիական ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ, բայց հանդիպումից դժգոհ էին։

«Տիկին Աիդան ասաց, որ նախագահն իրավասու չէ, նա չի կարող ազդել դատարանների կայացրած վճռի վրա, ես էլ ասեցի, որ հատկապես Սերժ  Սարգսյանն է իրավասու ամեն հարցում: Ոնց ասի եւ վերջապես ոնց ճտացնի, այնպես էլ գործը լինելու է, ոնց ճտացնի, այնպես էլ վճիռ է լինելու։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեկը մեկի գործողությունները լրացնելով, դատավորները եւ դատախազ Մարուխյանը միասնական դիտավարությամբ այս գործի վճիռը թողնում են նույնը»,- վրդովված ասաց դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը։

Դատապարտյալ Արման Բաղդասարյանի կինը՝ Աստղիկ Մանուկյանն էլ վիրավորված է հասարակության վատ վերաբերմունքից։

«Մենք հասարակությունից անտեսված մի կետ ենք, ոչ ոք չի կարող մեզ օգնել, քանի որ ի սկզբանե, առանց դատի, «մարդասպանների հարազատներ» կոչվեցինք»,- ասաց Աստղիկ Մանուկյանը։

«Հարսնաքարի» գործով դատապարտյալների հարազատները տեղեկացրեցին, որ պատրաստում են դիմել Վճռաբեկ դատարան։

«Դիմելու ենք, բայց այդ տեղից էլ ոչ մի հույս չունենք։ Եթե բոլոր ատյաններին դիմենք, եւ արդյունքի չհասնենք, մենք կգնանք եւ կհրաժարվենք ՀՀ քաղաքացիությունից»,- նշեց Աստղիկ Մանուկյանը։

Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը հունիսի 23-ին, վճռեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով «Հարսնաքարի» գործով անցնող բոլոր 6 մեղադրյալները դատապարտվել էին 12 տարվա ազատզրկման։ Որոշումը լսելուց հետո դատապարտյալների հարազատների ինքնազգոցողությունը վատացել էր, Գարիկ Մարգարյանի մորը՝ Նունե Մարգարյանին տեղափոխել էին հիվանդանոց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձում էին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում։