19-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանության մեջ մեղադրվող 17-ամյա Հայկ Աղամալյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 24-ին, իր ցուցմունքում ասաց, որ ինքը ոչ մեկին չի սպանել:
Մինչեւ Հայկ Աղամալյանը կսկսեր ցուցմունք տալ՝ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայցադիմում ներկայացրեց տուժող կողմի վնասը փոխհատուցելու վերաբերյալ:
«Տիգրան Հայրապետյանի հոգեհանգիստը իրականացնելու համար նրա հայրը վճարել է 980.000 դրամ , հուղարկավարության ծախսերի մատուցման համար վճարել է 450.000 դրամ, իսկ փաստաբանական ծառայությունների համար՝ 2մլն դրամ: Այսպիսով մենք պահանջում ենք պատասխանողներ Հայկ Աղամալյանից, Նարինե Արիստակեսյանից, Ստեփան Աղամալյանից բռնագանձել 3մլն 430 հազար ՀՀ դրամ»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանը նաև միջնորդություն ներկայացրեց Հայկ Աղամալյանի և նրա օրինական ներկայացուցիչների գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ: Չնայած Հայկ Աղամալյանի հայրը դեմ էր միջնորդությանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց այն:
Իր ցուցմունքում ամբաստանյալ Հայկ Աղամալյանը նշեց, որ հայցվոր կողմի բոլոր մեղադրանքներն անհիմն են, և ինքը սպանության մեջ մեղավոր չէ:
«Այդ օրը ընկերներիցս մեկն ասաց, որ Բանգլադեշում նրա քրոջ հետ կապված խնդիր կա, երբ գնացի այնտեղ, պարզվեց, որ բոլոր հարցերը լուծված են: Դրանից հետո ես Դավիթ Մանուկյանի և երկու ընկերոջս հետ գնացի Մատենադարան: Ճանապարհին տեսանք Կարենին ինչ-որ տղաների հետ և որոշեցինք՝ գնանք, տեսնենք, թե ինչ է կատարվում»,-դատարանին պատմեց Հայկ Աղամալյանը:
Ամբաստանյալի խոսքով՝ ինքը Կարեն Հարությունյանի հետ հեռախոսային խոսակցություն էր ունեցել և գիտեր, որ տղաներն այդ օրը պետք է Տերյան փողոցի վրա հավաքվեին հակասությունները լուծելու համար, բայց ինքը նպատակ չի ունեցել այնտեղ գնալ:
«Ես Տիգրան Հայրապետյանին դանակով չեմ հարվածել, դրա մասին դատարանում իր ցուցմունքում նաև ասաց Ռոբերտ Խաչատրյանը, ով ամբողջ ընթացքում գտնվել է Տիգրան Հայրապետյանի կողքին: Ռոբերտը իր ցուցմունքում նշեց, որ Տիգրանին սպիտակ վերնաշապիկով մի տղա էր ամուր բռնել ու քաշում, և այդ ժամանակ Տիգրան Հայրապետյանը Ճիչ արձագեց և ընկավ գետնին»,- իր ցուցմունքում նշեց մեղադրյալը:
Հայկ Աղամալյանի խոսքով՝ ինքը դեպքի ժամանակ գտնվել է Տիգրան Հայրապետյանից հինգ մետր հեռավորության վրա:
«Ես դանակով հարվածել եմ սև կուրտկայով մի անծանոթ տղայի աջ ուսին, որովհետև մտածեցի, որ ինքը ուզում է ինձ վնասել, դրանից հետո դանակի գցեցի գետնին և փախուստի դիմեցի: Գիշերը, երբ ոստիկանները եկան իմ հետևից, ասեցին, որ ինչ-որ տղա է մահացել և ինը վկա կա, ովքեր իբր տեսել են, թե ես եմ սպանողը: Այդ պահին հոգեբանական ծանր վիճակում էի և ինքնախոստովանակն ցուցմունք տվեցի»,-ասաց Հայկ Աղամալյանը:
Նա նշեց, որ նախաքննության ընթացքում, քննիչներն իրեն Տիգրան Հայրապետյանի որևէ նկար ցույց չեն տևել, անգամ չեն ասել, թե ինչ հագուստով է եղել մահացած տղան:
«Միայն մայիսին, երբ ոստիկանների կազմած եզրակացությունն էի կարդում, իմացա, որ Տիգրան Հայրապետյանը կարճաթև վերնաշապիկով է եղել, իսկ ես սև կուրտկայով տղայի եմ դանակով հարվածել: Այդ ժամանակ հասկացա, որ մեղավոր չեմ Տիգրան Հայրապետյանի մահվան մեջ և որոշեցի ցուցմունքս փոխել»,-դատարանին պատմեց Հայկ Աղամալյանը:
Նա նաև հավելեց, որ դատարանում ցուցմունքներ տված սպանված Տիգրան Հայրապետյանի ընկերներ Մարտին Գևորգյանը, Խաչատուր Խաչատրյանը և այլ անձինք իրենց տված ցուցմունքներում աղավաղել են իրականությունը:
«Եթե ամեն-ինչ ճիշտ ասվեր նրանց կողմից, ապա ամբողջական պատկերացում կկազմվեր իմ գտնվելու վայրի մասին: Մարտին Գևորգյանի հայրը՝ Խաչիկ Գևորգյանը դատաքննության հենց առաջին օրը դատարանի շենքը դիմաց հավաքելով իր տղային, Էմանուել Թամամյանին և ուրիշ տղաներին, ցուցումներ է տվել, որպեսզի նրանք ասեն, թե ինչպես են տեսել, որ ես հարվածել են Տիգրանին: Սա արդեն թշնամանքի վառ դրսևորում է և արջի ծառայությունների մատուցում Տիգրան Հայրապետյանի հարազատներին»,-ասաց ամբաստանյալը:
Հայկ Աղամալյանը նշեց, որ ինքը և Մարտին Գևորգյանը իրականում թշնամիներ են և մինչև այդ դեպքը տարբեր հարցերով վիճաբանություններ են ունեցել իրար հետ: Նախավերջին անգամ կռիվը իրենց միջև տեղի է ունեցել «Երևան» կինոթատրոնի մոտ, որտեղ Մարտին Գևորգյանի և մի շարք անձանց կողմից ինքը ծեծի է ենթարկվել և մինչև այժմ ցավեր ունի մեջքի շրջանում:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ մյուս ամբաստանյալ Դավիթ Մանուկյանը ժամանակ խնդրեց իր ցուցմունքը նախապատրաստելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան ապօրինաբար զրկել կյանքից: 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:











