«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ վերջին երկու օրերի բողոքի ակցիաներին ոստիկանության պահվածքը արմատապես տարբերվում է նախորդ ժամանակների պահվածքից: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը, որը մասնակցում էր Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ բողոքի ակցիային:

«Որքան էլ նախկինում փորձում էին կասեցնել ակցիաները, այնուամենայնիվ, մի փոքր այլ ձեւերով էին անում, իսկ այս օրերին անցել են ուժի կիրառության: Ուղղակի իրենց հրահանգ է տրված: Հրահանգ է տրված հրմշտելով, բռնությամբ, ահաբեկելով ուղղակի ճնշել բողոքի ցանկացած քայլ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Անդրադառնալով Աֆրիկյանների տան մոտ ոստիկանների գործողություններին՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ոստիկաններն իրենց արարքներով պարզապես պաշտպանում են ապօրինությանը:

«Մենք իրենց փորձում ենք համոզել, որ գոյություն ունի Մշակույթի նախարարության գրություն, որ շենքի ապամոնտաժումնը խախտումներով է իրականացվում և կարող է վտանգել շենքի ամբողջականությունը: Մենք չենք կարողանաում բացատրել ոստիկաններին, որ էն, ինչ որ իրենք անում են, պաշտպանում են ապօրինությունը: Ակտիվիստներից մեկը պատմում էր, որ ոստիկաններն ասել են՝ էս ժեշտերը գույք են, բայց չեն կարողացել պատասխանել՝ ժեշտից այն կողմ պատմամշակութային ճարտարապետական արժեքը գույք չի՞,  որը քանդվում է»,-ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ այսօր Երեւանի ավագանու նիստին «Բարև Երեւան» խմբակցությունը ցանկացել է բարձրացնել Աֆրիկյանների տան ապամոնտաժման հարցը, սակայն չի կարողացել:

«Հենց առաջին հարց ու պատասխանից կանոնակարգի կիրառության հարցը քաղաքապետն այնքան կոշտ դրեց, որ որևէ մեկը չշեղվի, կանջատվի խոսափողը, եթե… Անահիտ Բախշյանը, ըստ էության, չկարողացավ հարցը բարձրացնել»,-նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Աֆրիկյանների տան մոտ դաշնամուրային բացօթյա համերգ տվեց աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը՝ հանուն պատմամշակութային արժեք հանդիսացող 19-րդ դարի շենքի պահպանության: Տիգրան Համասյանի հեռանալուց հետո իրավիճակը Տերյան 11 հասցեում կտրուկ թեժացել էր, ակտիվիստները խփում էին շենքը պատնեշող թիթեղներին՝ ի նշան շենքի ապամոնտաժման դեմ բողոքի։

Քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։